Ազատ արձակեք հայ պատանդներին․ Երևանում՝ միջազգային կառույցների մոտ, ակցիաներ են ընթանում

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին և շարժվեցին այլ կառույցների շենքերի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ, որի նպատակը Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ հայ պատանդների, գերեվարված անձանց, անհետ կորածների ճակատագրերի հարցը բարձրացնելն է։
«Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում այս հարցով ակտիվություն նկատվում է։ Սա ժամանակահատված է, որ աշխարհի ուշադրությունտը դեպի Ադրբեջան է տանելու, և մենք պետք է այս ընթացքում պարտադրենք Ադրբեջանին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները։ Հայաստանը պետք է առավել ակտիվ քայլեր ձեռնարկի միջազգային հարթակներում այս կարևոր հարցը բարձրաձայնելու համար»,-ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ այս կարևոր հարցի մասին ուղղակի չի կարելի լռել, պետք է ամեն օր խոսել, աշխարհին պատմել, քանի որ խոսքը մարդկային ճակատագրերի մասին է։
«Մենք տեսել ենք, որ Մերձավորարևելյան հակամարտության պարագայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել պատանդներին ազատ արձակելու կոչով և հստակ պահանջով։ Նույնը պետք է լի նի նաև հայ գերիների մասով»,-ասաց Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցներնմիրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։
Գեղամ Ստեփանյան
Նրանք մտադիր են ակցիաները շարունակել նաև ՀՀ ԱԳՆ շենքի, ՀՀ-ում Ռուսաստանի, Ֆրանսիական և ԱՄՆ-ի դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ Ստեփանյանն ընթերցեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակը, որում նշվում էր, որ միջազգային հանրությունն աչք փակեց Ադրբեջանի ՝ Արցախի 150,000 բնակչության հանդեպ կիրառած լայնածավալ ագրեսիայի վրա։
«Հաշված օրերի ընթացքում մի քանի հազար տարվա հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպացվեց և ամբողջությամբ հայաթափվեց։ Այդ դեպքերից դեռ ամիսներ առաջ Արցախի իշխանությունները և քաղաքացիական հասարակության անդամները գրավոր և բանավոր բազմաթիվ դիմումներ, հայտարարություններ և ուղերձներ էին հղել միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների՝ զգուշացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական գործողությունների մասին»,-ասաց Ստեփանյանը։
Նա ընդգծեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետո միջազգային հանրությունն այդպես էլ քաղաքական կամք չդրսևորեց Ադրբեջանի հանցագործություններին պատշաճ գնահատական տալու և Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։
Իր հերթին, Արցախի ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը նշեց, որ ՀՀ իշխանությունների պահվածքը ստեղծված իրավիճակում համարժեք չէ։ Նա անընդունելի համարեց հայկական կողմից խիստ պահանջների բացակայությունը, ինչը, նրա կարծիքով, հանգեցնում է Բաքվի կողմից նոր պահանջների առաջադրմանը։ Բաղունցը անիմաստ չհամարեց բողոքի ակցիաների անցկացումը, քանի որ դրանք հայ հասարակության դժգոհության դրսևորման ձև է։
«Մինչև Cop 29-ը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, և մենք պետք է ավելի վճռականորեն բարձրացնենք մեր պատանդների հարցը, նույնիսկ եթե չունենք աջակցություն՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների։ Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ մենք պայքարում ենք մեր գերիների վերադարձի իրավունքի համար»,- ասաց նա։