ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է համաշխարհային ասպարեզում Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումների մոտ լինելու մասին: Այդ մասին նա ասել Է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը խաղաղության և զարգացման հիմքն է» միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Թուրքմենստանում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իրանի նախագահի պաշտոնական կայքը։
«Իրանի և Ռուսաստանի դիրքերը համաշխարհային ասպարեզում շատ ավելի մոտ են միմյանց, քան մյուս պետությունների նկատմամբ։ Մեր երկրները հիանալի փոխլրացնող ներուժ ունեն և կարող են օգնել միմյանց», - ասել է Փեզեշքիանը։
Իրանի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ շուտով կստորագրվի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Նա ընդգծել է համագործակցության ամրապնդման կարևորությունը և վստահություն հայտնել, որ այդ պայմանագիրը կարող է եզրափակիչ փուլին հասնել հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում:
Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Ռուսաստանը, որը 2024 թվականի հունվարից նախագահում է կազմակերպությում, իր ղեկավարության շրջանակներում կազմակերպում է ավելի քան 200 միջոցառում՝ արդարացի գլոբալ զարգացման և անվտանգության համար բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով: Պետությունների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին: