Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ԱԱԾ-ի աշխատակիցները դպրոցից հանում ձեռքերը ոլորած ուսուցչին։ Այս փաստը մեծ աղմուկի պատճառ էր դարձել, ծնողները բողոքել էին, որ երեխաները վախեցել են ԱԱԾ-ի ներխուժումից։
ԿԳՄՍ նախարարությունը ԱԱԾ-ի իրականացրած հատուկ գործողության առնչությամբ դիմել է պատկան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները».-նշել են նախարարությունից, միևնույն ժամանակ, մտահոգիչ համարելով տեղի ունեցածը։
Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության նախկին պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ևս մտահոգիչ է համարում կատարվածն ու նշում, որ երեխայի լավագույն շահը հաշվի առնելով, կարելի էր այդ ամենն անել երեխաների աչքից հեռու։