Վիզաներից մինչև խնդրահարույց օրենք․ տուրիզմի ոլորտը միավորվում է միասնական պայքարի համար

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար անհրաժեշտ է համապարփակ ռազմավարություն մշակել, որտեղ հաշվի կառնվեն բոլոր ճյուղերի համաչափ զարգացումն ու ներդաշնակ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջության ոլորտը համախմբման կարիք ունի՝ առկա խնդիրները համապարփակ ներկայացնելու, դրանց մասին բարձրաձայնելու, արդյունավետ լուծումներ գտնելու, ոլորտային զարգացմանն ուղղված կարգավորումներ, նորմեր մշակելու համար։ Այս նպատակով հիմնադրվել է Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան։
ԶՆԶ ֆեդերացիայի համահիմնադիր և նախագահ Ալինա Պետրոսյանը նշում է՝ երկար ժամանակ տուրիզմի ոլորտը եղել է, այսպես ասած, ինքնակարգավորման հարթակում, իսկ ոլորտի ներկայացուցիչներն էլ բազմաթիվ խնդիրների են բախվել թե ներգնա, թե արտագնա տուրիզմի հետ կապված, փորձել ինքնուրույն հաղթահարել։ Այս տարի սեպտեմբերից մասամբ ուժի մեջ մտավ «Զբոսաշրջության մասին» օրենքը (այն ամբողջությամբ կսկսի գործել հաջորդ տարվանից), որը եղած խնդիրներին նորերն ավելացրեց։ Ստեղծված իրավիճակին զուգահեռ էլ Հայաստանը տուրիզմը ճանաչել է գերակա ոլորտ։
«Մեր ֆեդերացիայի նպատակներից է լինելու պետություն-մասնավոր համագործակցության ավելի բարելավումը, որ պետական մարմինները լսեն ու հասկանան խնդիրները։ Նաև ոլորտի որակավորման բարձրացումը՝ դասընթացների, սեմինարների միջոցով։ Կադրային հարցն այսօր ոլորտում ամենամեծ խնդիրներից է։ Մեր նպատակն է լինելու նաև որակյալ կադրեր պատրաստել, որոնք էլ ոլորտը կդարձնեն ավելի նպատակային ու որակով»,- նշում է Պետրոսյանը։
Նոր հիմնադրված ֆեդերացիայի առաջիկա մեծ անելիքներից մեկը կապվում է «Զբոսաշրջության մասին» օրենքի հետ։ Ալինան, որն ինքն էլ զբոսաշրջային ընկերության հիմնադիր- տնօրեն է, նշում է՝ երբ առանձին ընկերությունն է դիմում պետությանն ու ասում՝ խնդիր կա, լրիվ այլ է, իսկ երբ միավորված կառույց է դիմում՝ լրիվ ուրիշ։
Կարծում է՝ առաջնային խնդիրներից է համապարփակ ռազմավարության մշակումը։ Օրինակ, միասնաբար որոշում են զբոսաշրջիկներ ներգրավել, օրինակ, Իսպանիայից։ Բոլոր ճյուղերը սկսում են ներդաշնակ և գրագետ աշխատել այդ ուղղությամբ։
«Այսօր ոլորտում մի վիճակ է, որ համընդհանուր աշխատանք չկա, բոլորն առանձին են մշակում իրենց ռազմավարությունը, առանձին են գնում դրա հետևից։ Օրինակ, տուրիստականն ընտրում է Իսպանիան, հյուրանոցը՝ Իտալիան, պետությունն էլ, օրինակ, Սինգապուրը։ Ու դրա պատճառով չունենք արդյունք, իսկ երբ միասին են աշխատում, արդյունքը միշտ կա»,- ասում է Ալինա Պետրոսյանը։
Հիմնադրվել է Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան։
Ֆեդերացիայի աշխատանքի պարտադիր թիրախներից է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների աշխատանքը։ Գաղտնիք չէ, որ այսօր ՀՀ քաղաքացիները, մեղմ ասած, խնդիրների են բախվում հատկապես եվրոպական դեսպանատներում՝ ամիսներով հերթեր, քաղաքացիների պնդմամբ՝ անհարկի մերժումներ և այլն։ ԶՆԶ ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ աշխատելու են ոչ միայն դեսապանատների, այլև ԱԳՆ-ի հետ՝ վերհանելու այն խնդիրները, որոնց պատճառով մեր քաղաքացիները բարդ վիճակում են հայտնվել։
Անելիքների ցանկում է նաև ոլորտում գնային ընդհանուր որոշակի քաղաքականության, գների նորմավորման հարցը։ Այսօր արտագնա տուրիզմով զբաղվող բազմաթիվ ընկերություններ դեմպինգի են դիմում հաճախորդներին գրավելու համար։ Կարծում է՝ երբ ոլորտը կանոնակարգվի, գրագետ ու որակավորված մասնագետներ լինեն, ընկերություններն աշխատեն պահանջներին համապատասխան, այլևս դեմպինգ էլ չի լինի։
«Գնագոյացումը շատ սուբյեկտիվ մեթոդով է կառուցվում, բայց կան նորմեր, որոնց բոլոր ընկերությունները պետք է հետևեն»,- նշում է ԶՆԶ ֆեդերացիայի նախագահը։
Հիմնադրվել է Զբոսաշրջության նորարարության և զարգացման ֆեդերացիան։
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի այս տարվա նվազման հարցին, Պետրոսյանը դա այնքան էլ հիմնավոր չի համարում։ Ասում է՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներում պատկերը մի կողմից ամբողջական չի արտացոլվում, մյուս կողմից նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունն է սխալ։
Ասում է՝ անցյալ տարի աճն անոմալ էր ռելոկանտների մեծ հոսքի պատճառով։ Հայաստանով հետաքրքրված զբոսաշրջային ամենամեծ շուկան Ռուսաստանն է, որտեղից եկող զբոսաշրջիկները միշտ չէ, որ դիմում են տուրիստական ընկերությունների կամ հյուրանոցներում կեցությունն ընտրում․ շատերը նախընտրում են առանձին տներ վարձակալել, արդյունքում՝ նրանց՝ Հայաստան գալն, օրինակ, հյուրանոցային տնտեսության համար եկամուտ չի բերում։ Հավելում է՝ դրա համար է նաև համապարփակ ռազմավարությունը՝ ոլորտն այնպես զարգացնել, որ, այսպես ասած, եկող տուրիզմից օգտվեն բոլոր կառույցները, այդ թվում՝ հյուրանոցները, զբոսավարները և տուրիստական ընկերությունները։