Տալկովի համերգային տնօրեն Շլյաֆմանին մեղադրանք է առաջադրվել երգչի սպանության համար

Շլյաֆմանին մեղադրում են դիտավորյալ սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու փորձի մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Իգոր Տալկովի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանին մեղադրանք է առաջադրվել 90-ականներին հայտնի երգչի սպանության և երգչուհի Ազիզայի ներկայացուցիչ Իգոր Մալախովի սպանության փորձի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությանը։
Հետաքննության տվյալներով՝ 1991 թվականին «Յուբիլեյնի» համերգասրահում Շլյաֆմանի և Մալախովի միջև տեղի է ունեցել վեճ, որի ընթացքում Շլյաֆմանը փորձել է գնդակահարել Մալախովին, սակայն, արդյունքում, մահացու վիրավորել է Տալկովին։ Մեղադրյալը 1992 թվականին փախել է Իսրայել, որտեղ էլ բնակվում է առայսօր։
Հետաքննությունը հարցում է ուղարկել Իսրայել՝ հարցաքննություն անցկացնելու և մեղադրանքներ ներկայացնելու համար։ Միջազգային համագործակցության արդյունքում Շլյաֆմանին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք։ Գործի նյութերն ուղարկվել են Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադյան դատարան։
Շլյաֆմանին մեղադրում են դիտավորյալ սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելու փորձի մեջ։ Նրա մեղքի ապացույցներում կան արյունոտ վերնաշապիկի կտորներ, որոնք օգնել են քննիչներին պարզել համերգային տնօրենի ներգրավվածությունը հանցագործությանը: Հետաքննության շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 50 վկա։