Նախազորակոչիկներին և զորակոչիկներին ջրծաղիկի դեմ պատվաստելու համար կհատկացվի 600 000 դրամ

Զորակոչ. Արխիվային լուսանկար
Պատվաստանյութի համար հաղթող միավոր գին է ընդունվել 14 500 դրամը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. 2024թ. պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված նախազորակոչիկների և զորակոչիկների համար ջրծաղիկի պատվաստանյութեր ձեռք բերելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը վերաբաշխում կանի ու կհատկացնի 600 հազար դրամ: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նշվում է, որ պատվաստանյութերը ձեռք կբերի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ը:
«Ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի ՀՀ–ում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Փուլային սկզբունքով ջրծաղիկի դեմ պատվաստումների գործընթացը ապահովելու նպատակով ՊՈԱԿ–ը կազմակերպել է գնման ընթացակարգ, որի արդյունքում պատվաստանյութի համար հաղթող միավոր գին է ընդունվել 14 500 դրամը: