ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շուրջ 8 ամիս է` չի կարողանում ամփոփել ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղում սատկած խոզերի համար ֆերմերների կրած վնասի չափը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահի դրությամբ տնտեսվարողների տվյալները գտնվում են հավաքագրման փուլում։
Ավելի վաղ ֆերմերները Sputnik Արմենիային հայտնել էին, որ փետրվարին անկած խոզերի համար դեռ փոխհատուցում չեն ստացել։ Էկոնոմիկայի նախարարությունից իրենց սկզբում ասել են` կփոխհատուցեն վնասի 75 %-ը, հետո ասել են` կփոխհատուցեն 55 %–ը, բայց մինչ օրս ոչ մի գումար չեն տվել։
«Տվյալների ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել ոլորտին աջակցության տրամադրման հարցը»,-հայտնում է նախարարությունը:
Հարցին, թե ո՞րն է եղել խոզերի անկման պատճառը, նախարարությունը չի պատասխանում` հորդորելով կենդանիների հիվանդությունների բռնկման վերաբերյալ տեղեկատվություն ստանալ անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնից՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
ՍԱՏՄ-ից Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանում շրջանցել են խնդրահարույց թեման` հայտնելով միայն, որ Կամարիս բնակավայրի 4 տնտեսություններում անկել է տարբեր սեռահասակային խմբերի պատկանող 727 խոզ:
«Այն կենդանիների անկումների վերաբերյալ, որոնց մասին տեսուչները չեն տեղեկացվել, արձանագրություններ չեն կազմվել, Տեսչական մարմինը տվյալներ ներկայացնել չի կարող»,-հայտնել են ՍԱՏՄ-ից` փաստացի չհերքելով քաղաքացիների այն պնդումները, որ տեսուչները հաշվի չեն առել փետրվարի առաջին օրերին արձանագրված կենդանիների անկումները և ճշգրիտ տվյալներ չեն արձանագրել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն ընդունել էր նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող կամարիսցիներին և նշել, խոզաբուծության ոլորտին աջակցություն տրամադրելու հարցը նախարարության օրակարգում է։
Ֆերմեր Արարատ Դանիելյանը, որը 137 գլուխ խոզ է կորցրել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմա էլ մարզպետարանից են այսօր-վաղը անում։ Ֆերմերները զգուշացնում են՝ փոխհատուցում չստանալու դեպքում կենդանիների անկման իրական պատճառների մասին կսկսեն խոսել փաստերով։