Մի շարք նորմեր խախտվել են. Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Գյումրիում հանրային սննդի օբյեկտ
Անհատ ձեռնարկատիրոջը ժամանակ է տրվել խնդիրները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ա/Ձ Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Անցկացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես, կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ և չներծծող, լվացվող նյութերից»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հանրային սննդի օբյեկտում առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն, խոհանոցի բացվող պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով։ Սննդի կառույցը ապահովված չի եղել աշխատակիցների համար նախատեսված ձեռքերի չորացման հիգիենիկ սարքերով, ինչպես նաև ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։