ԿԳՄՍՆ–ն թիվ 20 դպրոցում տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմել է ԱԱԾ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց
Նախարարությունը համապատասխան կառույցներին հորդորում է հատուկ գործողություններ իրականացնելիս հաշվի առնել երեխաների լավագույն շահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը: Գերատեսչությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Դեպքը բուռն քննարկման թեմա է դարձել, քանի որ դպրոցի աշխատակցին ՔԿ են տեղափոխել դասի ժամանակ, ծնողների խոսքով` գետնին տապալելով, մազերից քաշելով։
ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
«Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: Այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում Երևանի դպրոցներից մեկում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնել վերը նշված հանգամանքները»,– ասված է նախարարության հայտարարության մեջ:
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ պատրաստ են համագործակցել ՀՀ բոլոր շահագրգիռ պետական կառույցների հետ՝ ուսումնական հաստատություններում անվտանգության մակարդակը բարձրացնելու, այդ թվում նաև աջակցելու իրավապահների օրինական գործողությունների իրականացմանը։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։
Ըստ տեղեկությունների` ԱԱԾ աշխատակիցները ՔԿ են տեղափոխել ֆիզիկայի ուսուցիչ Ծատուրյանին 9–րդ դասարանի աշակերտների դասաժամին։