Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Բեյրութի խիտ բնակեցված շրջաններին

Ականատեսների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գրոհել են շիական «Հզբոլլահ» կազմակերպության օբյեկտները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից։
«Երկու կետային հարված է հասցվել ՌԱՍ էն Նաբաա և էն Նուեյրի թաղամասերում գտնվող շենքերին, որտեղ գտնվում էին «Հզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Բեյրութի այդ խիտ բնակեցված շրջանների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։ Ավիահարվածների ենթարկված շենքերի ուղղությամբ շտապ օգնության մեքենաներ են շարժվել։
Ականատեսների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանում «Հզբոլլահի» կազմավորումների դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում այդ շիական կազմակերպության ռազմական օբյեկտներին: Հայտարարված նպատակը հրեական պետության հյուսիսային սահմանամերձ շրջաններում անվտանգ պայմանների ստեղծումն է։
Իսրայելական օդուժը հարված է հասցրել Լիբանանի հարավում փախստականների տեղակայման կետին
Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի արդյունքում ոչնչացվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան: Կազմակերպությունը հաստատել է նրա մահը և խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելի հետ։ Օրեր անց սպանվել է նրա իրավահաջորդը։
Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր զորքերը սահմանափակ ցամաքային արշավանքներ են սկսել «Հզբոլլահի» թիրախների դեմ՝ Լիբանանի հարավի գտնվող սահմանային գոտում: