ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարված է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում գտնվող դպրոցի շենքում տեղակայված արմատականների շտաբին: Այս մասին ասվում է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Իսրայելի օդուժը կետային հարված է հասցրել ահաբեկիչների ուղղությամբ, որոնք գործում էին Դեյր ալ-Բալախ շրջանի հրամանատարական-վերահսկողական կենտրոնում ։ Այնգտնվում էր շենքում, որը նախկինում «Ռուֆայդի» դպրոցն էր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիների համար վտանգի ռիսկը նվազեցնելու համար:
Ավելի վաղ Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտնել էր, որ Գազայի հատվածի Դեյր ալ-Բալախ քաղաքի դպրոցի շենքի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, տուժել է ավելի քան 90 մարդ:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել էին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, վերցրել ավելի քան 200 պատանդ։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: