ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2024 թվականին 2017 թ. համեմատ կրկնապատկվել են և արդեն իսկ կազմել են մոտ 6,9 մլրդ դոլար։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով` այս ցուցանիշին հաջողվել է հասնել առանց հարկային բեռի էական աճի՝ հիմնականում տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման հաշվին։
Բադասյանը համաձայն չէ, որ երկրում հարկերը բարձր են, և դրա պատճառով խոշոր տնտեսվարողներից շատերը փորձում են տարբեր սողանցքներ գտնել խուսափելու համար դրանք վճարելուց։ Ըստ ՊԵԿ նախագահի` բիզնես գործունեություն ծավալելու, բոլոր հարկերը կանոնավոր վճարելու և շահույթ ստանալու բոլոր հնարավորությունները կան։
Անդրադառնալով ստվերային շրջանառության հետ կապված ընթացիկ խնդիրներին՝ Բադասյանը նշեց, որ մասնավորապես ստվերային շրջանառության ռիսկեր կան հեղուկացված բնական գազի և բենզինի իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ: Նախարարի խոսքով` կան ընկերություններ, որոնք համառորեն չեն ցանկանում փոխել վարքագիծը, ինչն առաջացնում է հարկային կառույցների մտահոգությունը։
«ՊԵԿ–ը դրա հետ կապված խիստ վերահսկողական միջոցառումներ էիրականացվում. գրեթե բոլոր խոշոր ներկրողները ստվերային շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն։ Ցավոք,ՊԵԿ–ի` այս ընկերություններին ուղղված հորդորները, որ դուրս գան ստվերային դաշտից, երբեմն անտեսվում են»,– նշեց Բադասյանը։
Ավելի վաղ կոմիտեն լուրջ խախտումներ էր հայտնաբերել մի շարք խոշոր ընկերություններում՝ կապված չգրանցված աշխատակիցների և ՀԴՄ կտրոնների տրամադրման կանոնները չպահպանելու հետ: Հուլիսի 20–ից սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում ընկերությունները տուգանվել են ընդհանուր առմամբ 90,2 մլն դրամով: