Հայտնի է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը

Հան Կանը հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է հարավկորեացի գրող Հան Կանին։ Տեղեկությունը հրապարակվել է Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում։
54-ամյա Կանն այս մրցանակին է արժանացել «հարուստ բանաստեղծական արձակի համար, որը դիմակայում է պատմական ցնցումներին և ցույց տալիս մարդկային կյանքի փխրունությունը»:
Նա հարավկորեացի առաջին գրողն է և 18-րդ կինը, որ արժանացել է այս մրցանակին: Դրամական պարգևավճարն այստարի11 մլն շվեդական կրոն է (1 մլն դոլար):
Հան Կանն իր «Բուսակերը» վեպի համար 2016 թվականին արժանացել է անգլիալեզու գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ Բուքերյան մրցանակին։ Ե՛վ այս գիրքը, և՛ նրա «Մարդկային արարքներ» վեպը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում` ռուսերեն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին հայտարարվեցին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. Ջոն Հոփֆիլդը և Ջեֆրի Հինթոնը մրցանակ են ստացել մեքենայական ուսուցման և արհեստական ​​նեյրոնային ցանցերի ոլորտում կատարած աշխատանքների համար։ Հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհվեց Վիկտոր Էմբրոսին և Գերի Ռավկանին միկրոՌՆԹ-ների ոլորտում կատարած հայտնագործությունների համար։
Հոկտեմբերի 9-ին հայտնի դարձան քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները։ Այս բնագավառում մրցանակ է շնորհվել 3 գիտնականի` Դևիդ Բեյքերին (Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտ)՝ «պրոտեինների հաշվարկային նախագծման» համար, Դեմիս Հասաբիսին և Ջոն Ջամփերին («Google DeepMind» ընկերություն)՝ «պրոտեինների կառուցվածքը կանխատեսելու համար»: