ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կմեղմացնեն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքները։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Գործող կարգավորումներով նախատեսված է, որ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Այսուհետ ՀԴՄ կտրոն չտրամադրելու, գինը սխալ տպելու կամ հարկային հետևանք առաջացնող այլ խախտում իրականացնելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցը կմնա նույնը, իսկ այն դեպքում, երբ պահպանվել են ՀԴՄ-ի կիրառության բոլոր կանոնները, բայց սխալ են նշվել դասակարգիչները, պատասխանատվության միջոցը կմեղմվի։
Վերջինի դեպքում կկիրառվի նախազգուշացում, իսկ նախազգուշացումը կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում`տուգանք` 50 000 դրամի չափով: