Հայաստանի հավաքականը 9-րդ տեղն է գրավել դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությունում

Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնություն
Առաջնությանը մասնակցել է 51 երկրի 116 թիմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը մասնակցել է դատապարտյալների շախմատի աշխարհի 4-րդ առաջնությանը և զբաղեցրել 9-րդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է Քրեակատարողական ծառայությունը։
Առաջնությունն անցկացվել է հոկտեմբերի 8-ից 10-ը առցանց ձևաչափով։
Այս տարի հայաստանյան թիմը ներկայացրել են ազատազրկված անձանց շրջանում շախմատային մարզումների և միջհիմնարկային մրցաշարի արդյունքում ընտրված լավագույն վեց խաղացողները՝ դատապարտյալներ Հակոբ Աբաջյանը, Ռոբերտ Սարգսյանը, Մարատ Սարգսյանը, Հովհաննես Թորգոմյանը («Արմավիր» քրեակատարողական հիմնարկ), Արեն Չատինյանը («Վանաձոր» ՔԿՀ) և Անդրանիկ Ասրյանը («Սևան» ՔԿՀ)։
«Առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականի ազատազրկված անձանց հետ աշխատել է ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գասպարյանը։ Արդյունքում Հայաստանի դատապարտյալների հավաքականը տղամարդկանց շուրջ 80 թիմերի մեջ զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Այս տարի առաջին անգամ առաջնությանը մասնակցել են նաև անչափահասների և կանանց շախմատի հավաքականները։
Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 51 երկրի 116 թիմ:
Վեց հայ շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100-յակում են