ԱԱԾ–ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց. ուսուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ԱԱԾ աշխատակից. արխիվային լուսանկար
Քննիչի կողմից կայացվել է ուսուցչին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»,– նշել է նա։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (անառակաբարո արարք կատարելը, որը կատարվել է վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն)։
«Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչը և իրականացվել է»,– գրել է Աբրահամյանը։
Նա նշել է նաև, որ այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։
Ֆեյսբուքի օգտատերեր Մարինա Ադուլյան–Անդրյանը գրառում է արել` նշելով, որ ԱԱԾ–ն մտել է այն դասարան, որտեղ սովորում է իր երեխան։
«Այսօր երեխայիս ֆիզիկայի դասին ԱԱԾ–ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրթել, մազերից քաշել և այլն։ Այդ ամենը` երեխաների աչքի առաջ»,– գրել է նա։
Կինը նշել է, որ 2 ժամ է` չեն կարողանում հանգստացնել երեխաներին։