ՄԻՊ Անահիտ Մանասյանը արդարադատության նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին մամուլից է տեղեկացել։
«Համարում եմ, որ այս փուլում հարցին պատասխանելը էթիկայի տեսանկյունից սխալ է։ Ես համարում եմ, որ այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,– լրագրողների հարցերին պատասխանել է Մանասյանը։
Հավանական թեկնածուների շարքում նշվում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Արփի Դավոյանի անունները։ Վերջերս լուրեր հայտնվեցին, նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանի հնարավոր նշանակման մասին։
Ապագա նախարարի հարցը երեկ քննարկվել է նաև ՔՊ վարչության նիստում։ Մամուլին հասած տեղեկություններով Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու Հերիքնազ Տիգրանյանը ինքնաբացարկ են հայտնել։ Իսկ Արփի Դավոյանի օգտին քվեարկել են միայն վրչության անդամներից 2-ը`Սուրեն Պապիկյանն ու Վահագն Ալեքսանյանը։ Այլ կերպ ասած` իշխող կուսակցությունը նիստում ներկայացված թեկնածուներից ոչ մեկին այդպես էլ չի հաստատել։