Հայաստանում ծխախոտի տուփերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ կանոնակագին. Բաբկեն Թունյան

ՀՀ–ում արտադրվող ծխախոտի տուփերը պետք է լինեն ոչ թե սպիտակ, այլ հիվանդությունների մասին զգուշացնող նկարներով. Sputnik Արմենիային հայտնել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
Sputnik
Հայաստանում վաճառվող նույն ֆիրմայի նույն ծխախոտը խանութներում կարելի է հանդիպել տարբեր փաթեթավորմամբ։ Պատճառն այն է, որ 2024թ․ հունվարի 1-ից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները։ Դրանց համաձայն՝ այն ծխախոտային արտադրատեսակների տուփերը, որոնք Հայաստան են ներմուծվել կամ տեղում արտադրվել են 2024թ․ հունվարի 1-ից հետո, պետք է ունենան օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող նկարներ։
Մինչդեռ, Հայաստանում 3 տարի առաջ ընդունված օրենքով, որն ի դեպ ուժի մեջ է մտել դարձյալ այս տարվա հունվարի 1-ից, Հայաստանում արտադրված ծխախոտը պետք է ունենա սպիտակ փաթեթավորում` առանց որևէ մարքեթինգային կամ այլ նշանների։ Արդյունքում երկու կարգավորումները, փաստորեն, հակասում են իրար։
Թունյանի մեկնաբանմամբ` ԵԱՏՄ կանոնակարգը գերակա է ՀՀ օրենքին, հետևաբար, ՀՀ–ում արտադրվող ծխախոտի տուփերը պետք է լինեն ոչ թե սպիտակ, այլ հիվանդությունների մասին զգուշացնող նկարներով։
«Տուգանքի չափը առաջին խախտման դեպքում 400 000 դրամ է, երկրորդ խախտման դեպքում` 800։ Եվ շատ դեպքերում գուցե արտադրողներին ավելի ձեռնտու է տուգանքը վճարել ու շարունակել օրենքը խախտել»։
Պատգամավորը չի բացառել, որ որոշակի փուլում պատասխանատվությունը խստացնելու հարց առաջանա։