Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ է կալանավորվել

Մեկուսարան
Քննիչները պարզել են, որ հերթափոխի պետը դաժան վերաբերմունք է դրսևորել զինծառայողի նկատմամբ, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Պարզվել է, որ հերթապահող հերթափոխի պետը հերթապահության հետ կապված խնդիրների պատճառով դաժան վերաբերմունք է դրսևորել Վահե Հարությունյանի նկատմամբ, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ արել, հարվածներ հասցրել։

Վահե Հարությունյանը, հայտնվելով անելանելի վիճակում, կրակային դիրքից որոշակի հեռավորության վրա, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց արձակելով իր գլխին, ինքնասպան է եղել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ծառայակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: