ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. «Ռոսկոսմոսն» իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «Միլտոն» փոթորկի՝ արբանյակից արված լուսանկարը:
«Ավերիչ «Միլտոն» փոթորիկը՝ «էլեկտրո-Լ» արբանյակի լուսանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 7-ին կարգադրություն Է ստորագրել Ֆլորիդայում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ նահանգին մոտեցող «Միլտոն» փոթորկի պատճառով:
Սպասվում է, որ փոթորիկը Ֆլորիդայի ափերին կմոտենա այսօր կամ վաղը՝ օրվա առաջին կեսին: Փորձագետների գնահատականներով՝ «Միլտոնն» իր հետ կբերի ավերիչ ալիքներ, որոնց բարձրությունը կգերազանցի 3 մետրը:
Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդի խոսքով՝ Ֆլորիդային մոտեցող ցիկլոնն ավելի հզոր է, քան «Կատրինան»՝ ԱՄՆ պատմության մեջ ամենակործանարար փոթորիկը, որը տեղի է ունեցել 2005 թվականին: