ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. 2024 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել 3 գիտնականի` Դևիդ Բեյքերին (Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտ)՝ «պրոտեինների հաշվարկային նախագծման» համար, Դեմիս Հասաբիսին և Ջոն Ջամփերին («Google DeepMind» ընկերություն)՝ «պրոտեինների կառուցվածքը կանխատեսելու համար»: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությանը։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում։
Նախորդ տարիներին քիմիայի ոլորտում մրցանակ էր շնորհվում նաև կարևոր գիտական հայտնագործությունների համար. 2023 թվականին հաղթող էին ճանաչվել Մունգի Բավենդին, Լուիս Բրուսը և Ալեքսեյ Եկիմովը՝ քվանտային կետերի ոլորտում կատարած աշխատանքի համար, 2022 թվականին՝ Քարոլին Բերտոցցին, Մորտեն Մելդալը և Բարրի Շարփլեսը (որն իր երկրորդ մրցանակն էր ստացել) գնահատվել էին քլիք-քիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ 2021 թվականին մրցանակը շնորհվել էր Բենջամին Լիստին և Դևիդ Մաքմիլլանին ասիմետրիկ օրգանոկատալիզի զարգացման համար։
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը հաճախ «հայտնվում» է կենսաբանության խաչմերուկում: Օրինակ՝ 2020 թվականին դափնեկիր էին դարձել Էմանուել Շարպանտիեն և Ջենիֆեր Դուդնան CRISPR/Cas «գենետիկական մկրատ» տեխնոլոգիայի ստեղծման համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները. Ջոն Հոփֆիլդը և Ջեֆրի Հինթոնը մրցանակ են ստացել մեքենայական ուսուցման և արհեստական նեյրոնային ցանցերի ոլորտում կատարած աշխատանքների համար։ Հոկտեմբերի 7-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհվեց Վիկտոր Էմբրոսին և Գերի Ռավկանին միկրոՌՆԹ-ների ոլորտում կատարած հայտնագործությունների համար։
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։