Խորհրդակցություն էլեկտրամատակարարման խնդիրների շուրջ. Փաշինյանը հանձնարարականներ է տվել

ՀՀ վարչապետը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների լուծման վերաբերյալ և ոլորտի պատասխանատուներին հստակ հանձնարարականներ տվել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Նշվում է, որ պատասխանատուները Փաշինյանին ներկայացրել են առկա իրավիճակը, խնդիրների լուծման շուրջ հնարավոր քայլերն ու լուծումները:
«Վարչապետ Փաշինյանը կարևորել է բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարման ուղղությամբ խնդիրների լուծումը, պատկան գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը, այդ թվում՝ ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀԿԾՀ–ն էլեկտրաէներգիայի և ջրի օպերատորների համար նոր տույժեր էր սահմանել նորմատիվները գերազանցող անջատումների համար։
Մասնավորապես ՀԷՑ–ը, նախկին կարգավորումներով, պետք է բաժանորդներին տուգանք վճարեր միայն այն դեպքում, եթե քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումը գերազանցում էր 4 ժամը, իսկ գյուղերում՝ 8 ժամը: Նոր որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականից, եթե անջատումը գերազանցի նորմատիվը ավելի քան երկու անգամ, առավելագույն տուգանքը կաճի մինչև 3 500 դրամ, իսկ եթե մեկ տարվա ընթացքում նման խախտում թույլ տրվի կրկին, ապա տուգանքի չափը կաճի մինչև 10 հազար դրամ։ Երկու դեպքում էլ աճում է տույժի առավելագույն գումարը, սակայն տոկոսը մնում է անփոփոխ` էլեկտրաէներգիայի միջին ամսական վճարի 50 %–ը։
Նշենք նաև, որ վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում, որ ՀՀ իշխանությունը ՀԷՑ–ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանից ցանկանում է խլել ընկերությունը։ Վերջինս օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց` իշխանությունը ոչ մի նման քայլ չի անում։