ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանին սպառնացել է մահաբեր և անսպասելի հարված հասցնել։
Գալանտը երկրի ռազմական հետախուզության վարչությունում հանդիպմանն ընդգծել է, որ Իսրայելը չի հրաժարվում Իրանի հրթիռային հարվածին ի պատասխան հարվածներ հասցնելու իր պլաններից։
«Իրանի հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ։ Մեր հարձակումը կլինի մահաբեր, չափազանց հստակ և, ինչն ամենակարևորն է, անսպասելի։ Իրանցիները չեն էլ հասկանա, թե ինչ կատարվեց և ինչպես։ Նրանք ուղղակի հետևանքը կտեսնեն»,– ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով` Իրանի հարվածից Իսրայելի ռազմաօդային ուժերին որևէ վնաս չի հասցվել, բոլոր ավիաբազաներն աշխատում են, որևէ ինքնաթիռ չի տուժել։
Հիշեցնենք՝ Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է «որսալ»: Իսրայելական իշխանությունների տվյալներով` գնդակոծության հետևանքով երկրի քաղաքացիների շրջանում զոհեր չեն եղել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին Գազայի հատվածում մեկ մարդու մահվան մասին։
Իրանը պնդում է, որ հրթիռները հարվածել են Իսրայելի ռազմական օբյեկտներին, Իսրայելն իր հերթին վնասը «նվազագույն» է անվանում։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն` օգնության գալ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։