ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կսկսեն ուսուցիչների վերապատրաստել արհեստական բանականության (AI) հիմունքներ դասավանդելու համար։ Այդ նպատակով «Synopsys» ընկերությունն այսօր հուշագիր կնքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։
Դասընթացը, որը պատրաստել են «Synopsys»–ի մասնագետները, քննարկվել է ամերիկահայ մասնագետների հետ, փորձնական ներդրման համար հաստատվել ԿԳՄՍՆ–ի կողմից և արդեն երեք տարի է, ինչ դասավանդվում է Հայաստանի 6 դպրոցում։ Այժմ ցանկանում են ընդլայնել դպրոցների ցանկը։
Նախարարներ Ժաննա Անդրեասյանը և Մխիթար Հայրապետյանը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ կարևորեցին Հայաստանի կրթական համակարգը նոր գիտելիքներով հարստացնելու գաղափարը, որպեսզի վաղվա շրջանավարտները մրցունակ լինեն աշխատաշուկայում:
Հայրապետյանը նաև բարձր գնահատեց մասնավոր հատվածի նախաձեռնությունը, որը ստեղծում է երկուստեք շահեկան մոդել՝ զարգացնելով մարդկային կապիտալը երկրի համար և ստեղծելով մասնագետներ իր համար:
Նշենք, որ Հայաստանում գործում են նաև մի շարք այլ դպրոցական ծրագրեր, որոնք ուղղված են AI բազային հմտությունների դասավանդմանը: Այս ծրագրերը ֆինանսավորվում են ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: