ԳԴՀ–ի ոստիկանությունը համարում է, որ Գրետա Թունբերգը հակված է բռնության

Գերմանական լրատվամիջոցները գրում են, որ, չնայած ոստիկանության կանխատեսումներին, Թունբերգն այդպես էլ չի հայտնվել բողոքի ակցիայի վայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Գերմանիայի ոստիկանությունը համարում է, որ պաղեստինամետ ցույցերի մասնակցած շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը հակված է բռնության։ Այս մասին ասվում է Դորտմունդի ոստիկանության հայտարարության մեջ։
Ըստ այս հայտարարության` երբ լուր է տարածվել, որ Թունբերգը կարող է այցելել Դորտմունդում բողոքող պաղեստինամետ ակտիվիստների ճամբար, ոստիկանությունը որոշել է «մաքրել» այդ տարածքը։
«Դորտմունդի ոստիկանությունն այդ հավաքի հետ կապված վտանգ է կանխատեսել: Տիկին Թունբերգի հայտարարված այցը հանգեցրել է այն եզրակացության, որ հայտարարվածից շատ մարդ կհավաքվի միջոցառման վայրում, բացի այդ, կխախտվի հանդիպման գրանցված ժամանակը: Թունբերգի հետ կապված վերջին իրադարձությունները հանգեցրել են եզրակացության, որ նա հակված է բռնության», - նշել է ոստիկանությունը։
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները, ճամբարը վերացվել է, իսկ Թունբերգն այդպես էլ չի հայտնվել բողոքի ակցիայի վայրում։
Նշենք, որ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցի կապակցությամբ Գերմանիայում մի շարք բողոքի ցույցեր են կազմակերպվում Մերձավոր Արևելքում իսրայելցի զինվորականների գործողությունների դեմ։
Գազայի հատվածում Իսրայելը հարվածել է մզկիթի ուղղությամբ. 24 մարդ մահացել է