ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի էլեկտրական ցանցերի համար 2025 թվականից կուժեղացվեն թույլատրելի տևողությունից և հաճախականությունից բարձր անջատումների տույժերը։ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրապարակել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ։
Ավելի վաղ ՀԵՑ–ը պետք է բաժանորդներին տուգանք վճարեր միայն այն դեպքում, եթե քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումը գերազանցում էր 4 ժամը, իսկ գյուղերում՝ 8 ժամը: Այս տարվա հուլիսին ՀԾԿՀ–ն որոշել էր, որ 2025 թ. հունվարի 1–ից ՀԷՑ–ը տուգանքներ կվճարի նաև հաճախակի անջատումների համար` քաղաքային բաժանորդներին ամսական 10–ից ավելի անջատումների, իսկ գյուղական համայնքների բաժանորդներին՝ 15–ից ավելի անջատումների համար։ Տուգանքը կկազմի տուժած բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական վճարի 50 %–ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 500 դրամը:
Այսօրվա որոշմամբ, որը նույնպես ուժի մեջ է մտնում 2025 թվականից, եթե անջատումը գերազանցի նորմատիվը ավելի քան երկու անգամ, առավելագույն տուգանքը կաճի մինչև 3 500 դրամ, իսկ եթե մեկ տարվա ընթացքում նման խախտում թույլ տրվի կրկին, ապա տուգանքի չափը կաճի մինչև 10 հազար դրամ։ Երկու դեպքում էլ աճում է տույժի առավելագույն գումարը, սակայն տոկոսը մնում է անփոփոխ` էլեկտրաէներգիայի միջին ամսական վճարի 50 %–ը։
Այսօր ընդունված մեկ այլ որոշմամբ էլ ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից եթե 36 ժամից ավելի ջրամատակարարման անջատում լինի, ապա նա պարտավոր կլինի բաժանորդներին վճարել տուգանք՝ ջրի միջին ամսական վճարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 000 դրամը: 2025 թվականից, եթե մեկ տարվա ընթացքում նման անջատումները կրկնվեն, տուգանքի առավելագույն չափը կհասնի 10 000 դրամի։
Նոր կանոնների ներդրումը կապված է սպառողների բազմաթիվ բողոքների հետ, հատկապես Երևանում, որտեղ վերջին ամիսներին հաճախակի են դարձել էլեկտրամատակարարման խափանումները: Անջատումների արդյունքում առանց էլեկտրամատակարարման են մնացել այնպիսի կարևոր օբյեկտներ, ինչպիսիք են Օպերայի շենքը, Աբովյանի մարզադաշտը և Մարզահամերգային համալիրը:
Հայաստանի էլեկտրական ցանցերից հայտնել են, որ խնդիրներն իրենց հետ կապված չեն եղել, սակայն ընդունել են, որ «Երևան–1» ՀԷԿ–ի հրդեհից հետո ցանցում տեխնիկական դժվարություններ են առաջացել, որոնք ավելի ուշ վերացվել են:
Երևանի բնակիչները դժգոհ են եղել նաև ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա Ջրի» աշխատանքից. որոշ շրջաններում ջրամատակարարումը օրվա ընթացքում պարբերաբար ու երկար ժամանակով ընդհատվում է։