ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության ներկա վիճակը։ Այս մասին հաղորդում է Դաշնային խորհրդի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում երկու ռուսական դպրոցների կառուցման նախագծին, ռուսաց լեզվի խթանմանը, երիտասարդական ծրագրերին և մարզական շփումներին վերաբերող հարցերի:
«Այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են «Հիշողության գնացքը» և «Ավանդույթների ժառանգները», որոնց մասնակցել են հայ դպրոցականները, հաջող են անցել, հուսով եմ, որ դրանք կշարունակվեն նաև հետագայում։ Անհրաժեշտ է նաև ամեն կերպ աջակցել այս ոլորտում նոր գաղափարներին»,-նշել է Վորոբյովը։
Դաշնային խորհրդի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում փոխգործակցության պահպանմանը։ Նա առաջարկել է մտածել 1941-1945 թվականների Հայրենական պատերազմում Մեծ հաղթանակին նվիրված ռուս-հայկական միջխորհրդարանական հանդիպում կազմակերպելու հնարավորության մասին:
ՀՀ դեսպանը տեղեկացրել է Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի որոշ արդյունքների մասին: Գուրգեն Արսենյանը կողմ է արտահայտվել ռուս խորհրդարանականների հետ փոխգործակցության շարունակմանն ու կանոնավոր շփումներին: