Հրայր Թովմասյանն իր հատուկ կարծիքով արժանի հակահարված է տվել անկախության հռչակագիրը «խժռողներին». Վարդան Պողոսյան

Sputnik
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի եզրակացությանն անհամաձայնություն հայտնեց միայն մեկ դատավոր` Հրայր Թովմասյանը։ Նա իր դիրքորոշումը ձևակերպել է հատուկ կարծիքի միջոցով։
Սահմանադրական դատարանի դատավորն ու նախկին նախագահն արձանագրում է, որ Մայր դատարանի եզրակացությունը բազմաթիվ իրավական և քաղաքական ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում Հայաստանի պետականության համար։ Հրայր Թովմասյանն անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի է որակել պատճառաբանությունները, որոնցով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Անդրադառնալով «սահմանադրական երկիշխանության» վտանգի մասին ձևակերպմանը, թե Հռչակագիրը վերածվելու է «զավակին խժռող ծնողի», Հրայր Թովմասյանը հակադարձել է նույն ոճով` Սահմանադրական Դատարանի որևէ կազմ, երբևէ իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը։
Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը խնդրել ենք մեկնաբանել սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։ Նրա խոսքով` Հրայր Թովմասյանն իր հատուկ կարծիքով արժանի հակահարված է տվել անկախության հռչակագիրը «խժռողներին»։