ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Այս մասին սոցցանցում հայտնել է նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, կրթության և հումանիտար համագործակցության ոլորտներում:
Բաղդասարյանը նաև հայտնել է, որ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հանձնելով համանուն գրքույկը:
Բացի այդ, վարչապետը մտահոգություն է հայտնել մի շարք ռուս պաշտոնյաների կողմից տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ կիրառվող հռետորաբանության վերաբերյալ: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության դիրքորոշումը տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ մնում է անփոփոխ ինչպես հրապարակային, այնպես էլ փակ քննարկումներում:
Հիշեցնենք, որ վարչապետը Մոսկվա է ժամանել նախօրեին՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն առաջին անգամ ներկայացրեց 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում կայացած համաժողովի ժամանակ։ Նախաձեռնության նպատակն է նպաստել տարածաշրջանում կայունության ամրապնդմանը՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Հայաստանի միջև կապերի ավելացման հաշվին: Այդ նախագծի շրջանակում Երևանը նախատեսում է աշխատել Ասիայից Իրանի ու Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ, որից հետո հնարավոր կլինի մուտք գործել Սև ծով, այնուհետև՝ եվրոպական երկրներ: