Դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 723 միլիոն դրամ, 15 գույք

Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Գլխավոր դատախազությունը պահանջում է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Մասնավորաբար, դատախազությունը պահանջում է Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 միլիոն դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը։
Հիշեցնենք՝ 2024-ի օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու նրա ընտանիքի անդամներն ապօրինի գույքի բռնագանձման գործով հրավիրվել են ՀՀ դատախազություն։
Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարար է եղել 1998-2007 և 2017-2018 թվականներին։