ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Հայտնել ենք, որ Աղվան Հովսեփյանը, նրա կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, հուլիսի 25-ին դատախազություն են հրավիրվել։
Դաախազության այսօրվա հաղոդագրության մեջ նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով պահանջում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել
29 անշարժ գույք
8 իրավաբանական անձանցում մասնակցություն
2 միլիարդ 551 մլն 100 հազար դրամ:
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նա 2021թ-ի սեպտեմբերի 7-ին ձերբակալվել է, ապա կալանավորվել։ 2022–ի օգոստոսի 15–ին Աղվան Հովսեփյանի խափանման միջոցը փոխվել է գրավով, նա ազատության մեջ է։
Աղվան Հովսեփյանը ՔԿ նախագահ է եղել 2014-18 թվականներին, իսկ մինչ այդ 9 տարի` 2004-13 թվականներին, զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը։