«Չգիտեմ՝ ինչ է պատահել, բայց կմեկնաբանեմ». ֆեյսբուքյան դատողություններ

Sputnik
Սոցցանցերի օգտատերերից մեկը պատմում է. « Մեր պառլամենտում մեկը կար, անունը չտամ, ամբախ-զամբախ ամեն ինչի մասին ինքնվստահ կարծիք էր հայտնում: Մի անգամ շատ տարիներ առաջ արտերկրում էինք, լրագրողներից մեկը զանգեց, հարցրեց Ռուսաստանում տեղի ունեցած ինչ-որ ահաբեկչության մասին: Կյանքում չեմ մոռանա՝ ասաց. «Ես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել, բայց դու պատմիր ինչ է եղել, ես կմեկնաբանեմ»:
Բան չի փոխվել, արձանագրում է գրառման հեղինակը՝ մանրամասնելով. «Զարմանալի է ինձ համար, որ շատերը մեծ թեթևությամբ ու ինքնավստահ աջ ու ձախ խոսում են նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ ինչ անել դրա հետ, ինչ այլընտրանքներ կան կամ չկան: Իրար մեղադրում են, քրքջում, հեգնում, ուրախանում: Ո՞նց կարելի է որևէ կարծիք ունենալ էդ մասին, եթե հավաստի տեղեկություն չունես մեր զինված ուժերի վիճակի, Ադրբեջանի հետ ռազմական բալանսի ու ռազմական առճակատման դեպքում իրատեսորեն հնարավոր դաշինքների, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ու հավաքական Արևմուտքի իրական ծրագրերի, նրանց կարմիր գծերի, նրանց ընթացիկ ու տեսանելի շահերի կոմբինացիաների ու լիքը այլ առանցքային հանգամանքների մասին: Իմացողներն ու կարողները դեռ լուռ են, չիմացողներն ու անկարողներն աղմկում են»:
«Նախկինների» «կայուն մեծամասնությունը» կապահովի ներկաների երկարակեցությունը
Իսկապես, արդեն գրեթե ամեն շաբաթ հնարավոր պատերազմի մասին ակնարկներ ենք լսում ոչ միայն Բաքվից, այլև հենց Երևանից։ Ու ոչ մի անգամ մեր պաշտոնյաներից չենք լսել բոլորիս հուզող հարցերի պատասխանը՝ լա′վ, իսկ մենք գոնե ինչ-որ չափով պատրա՞ստ ենք ռազմական գործողություններին, ի՞նչ վիճակում է մեր բանակը։
Ահա թե ինչ է գրում «Ֆեյսբուքում» հայաստանցիներից մեկը. «Վեց տարի առաջ՝ այսպես կոչված հեղափոխությունից հետո, համոզված էի, որ նոր եկածները առաջին հերթին կբարեփոխեն բանակը, կփրկեն մարդկային կյանքեր, Զինվորի կյանքը։ Մնացած փոփոխություները կապում էի սրա հետ։ Եթե մարդկային կյանքը չես արժևորում, ուրեմն ուրիշ բան չես անի։ Ավաղ, տեսանք, որ ոչ մարտական պայմաններում մահերը շարունակվում են, և չկա արձագանքը իշխանության։ Ավելին, մահերի թիվը նախկինի համեմատ աճել է։ Ոչ մի մտահոգություն, ոչ մի հրապարակային խոսք ո′չ վարչապետի, ո′չ էլ նրա նախարարի կողմից այս մասին չի հնչել։ Եվ հիմա մահերը շարունակվում են, ու չկա մեկը, որն ասի՝ մի′ սպանեք։Ավելի փակ բանակ մենք չենք ունեցել։ Բանակը փակել են ու բանալիները դրել գրպանները»,- փաստում է գրառման հեղինակը։
Եվ իհարկե, սոցիալական ցանցերում, ինչպես միշտ, շատ են քննարկվում ներքաղաքական հարցերը, որովհետև բոլորովին պարզ չէ, թե էլ ինչ է անելու ընդդիմությունը, որի գործողությունների տրամաբանությունը շատերի համար պարզապես անհասկանալի է։ Լսենք օգտատերերից մեկին. «Երբեմն մեր շատ ընդդիմադիրներ պայքարի միջոցը շփոթում են նպատակի հետ: «Փողոցում մնալու նպատակը» Սրբազան պայքարին տարել էր Սահմանադրական դատարան: Ախր սա «ուշացած կանգառ» է, որովհետև Սահմանադրական դատարանը օրեր առաջ է տխրահռչակ Կանոնակարգը համապատասխան ճանաչել Հայաստանի Սահմանադրությանը: Հիմա արդեն լուծումներն այլ տեղ են՝ խորհրդարանում, որտեղ ընդդիմության միակ «անկանխատեսելի» քայլը կարող է լինել մանդատներից հրաժարումը»։
Այո′, շատերն են հիմա քննադատում բողոքի հերթական շարժումը գլխավորած հոգևորականին ժամանակավրեպ քայլերի, անարդյունավետ որոշումների և ոչ ճիշտ գործընկերների ընտրության համար՝ մոռանալով, որ նա իրոք փորձառու քաղաքական գործիչ չի։Եվ տրամաբանական հարց է ծագում՝ բա որտե՞ղ են այդ գործիչները, ինչո՞ւ հենց իրենք չգլխավորեցին շարժումը և ինչու՞ են լռում մինչև հիմա։ Հենց այդ հարցն է բարձրացնում օգտատերերից մեկը։ Մեջբերեմ.
«Բագրատ Սրբազանն իր գործն արել է, պայքարին զարթոնք է բերել։ Մի մարդու վրա , թեկուզ և Սրբազանի, չի կարելի առասպելական բեռ բարդել։ Շարժմանը քաղաքական ուժերի համախմբում ու շարունակություն է անհրաժեշտ։ Պայքարը բացահայտ բնույթ պիտի կրի, չի լինի ծպտվել Սրբազանի թիկունքում։ Պատմությունը մեզ չի ների բարեպատեհ ժամանակը կորցնելու համար։ Ու՞ր են նախկին նախագահները, ու՞ր է Դաշնակցությունը, Հանրապետականը, ու՞ր են Պարույր Հայրիկյանը, Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը... Քաղաքական ամբիցիան պիտի ստորադասվի Շարժման բուն նպատակին։ Պետությունը կանգնած է անդունդի եզրին։ Վաղը ուշ կլինի... Վաղը կարող է և չլինի...»։
Ուղիղ մեկ տարի առաջ դատարկվեց Արցախը. բանավեճը սոցցանցերում շարունակվում է մինչ օրս
Ճիշտն ասած, շատ դժվար է հասկանալ, թե ում է ուղղված այս ահազանգը, քանզի մեկ այլ օգտատեր փաստում է. «Հայաստանում ամեն օր կերուխումի փառատոն կա` տոլմայի, գինու, պանրի, խաշլամայի, բոզբաշի, գառան դմակի և այլն: 44-օրյա պատերազմի դրական միակ կետն էն էր, որ էդ տարվանից առ էսօր Ախթալայում չի կազմակերպվում ևս մեկ ռաբիս փառատոն` խորովածինը: Փառք Աստծո»,- տխուր ամփոփում է գրառման հեղինակը։