ԱՊՀ-ում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժինը գերազանցել է 85 տոկոսը. Պուտին

Համագործակցության երկրների տարածքում, նրա խոսքով, արագ տեմպերով ներմուծման փոխարինման գործընթացներ են ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ տարածքում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժինը գերազանցում է 85 տոկոսը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով` այդ ցուցանիշը շարունակում է աճել։
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 4,7 տոկոսով, հիմնական կապիտալում ներդրումները` 11,2 տոկոսով։
ԱՊՀ-ում նոր խոշոր նախագծերի գործարկման հնարավորություններ կան. Պուտին
Համագործակցության երկրների փոխգործակցության առանցքային ուղղությունների թվում Պուտինը նշել է ահաբեկչության, ծայրահեղականության և հանցավորության դեմ պայքարը: Արտաքին քաղաքականության հարցերում ԱՊՀ երկրների սերտ համակարգումը նույնպես մեծ նշանակություն ունի։ Շարունակում են դինամիկ զարգանալ հումանիտար կապերը, խորանում է համագործակցությունը գիտության ոլորտում։
Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ երկրները 2025 թվականին միասին նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Այս համատեքստում Ռուսաստանը Համագործակցության երկրներին առաջարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության ժառանգության ընդհանուր ռեեստր ստեղծել։ ՌԴ նախագահն առաջարկել է նաև ԱՊՀ Աշխատանքային փառքի քաղաքի պատվավոր կոչում ստեղծել:
«Մեր կոնկրետ առաջարկը ԱՊՀ-ում Աշխատանքային փառքի քաղաքի պատվավոր կոչում ստեղծելն է, այն կշնորհվի Համագործակցության այն քաղաքներին, որոնց բնակիչները հատուկ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հասնելու գործում՝ ապահովելով ռազմական և քաղաքացիական արտադրանքի անխափան արտադրությունը»,-ասել է Պուտինը:
Վերջում Պուտինը ԱՊՀ բոլոր առաջնորդներին հրավիրել է «ԲՐԻԿՍ պլյուս» ձևաչափով հանդիպմանը Կազանում:
Նշենք, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը: