ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը, ամենայն հավանականությամբ, չի հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա՝ որպես պատասխան հարված, այլ կկենտրոնանա ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ վկայակոչելով իսրայելցի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին:
Նշվում է, որ հարձակումը կարող է իրականացվել հետախուզական և հրամանատարական կենտրոնների վրա։ Ըստ ամենայնի, գրում է NYT-ը, որոշվել է միջուկային օբյեկտները որպես թիրախ թողնել հետո, եթե Իրանը շարունակի սրել հակամարտությունը։
Ավելի վաղ Թեհրանը ուղերձ էր հղել Վաշինգտոնին այն մասին, որ ցանկություն չունի մեծ պատերազմ սկսելու, բայց զգուշացրել է, որ իր կողմից միակողմանի զսպվածություն չի լինելու։
Իրանը հոկտեմբերի 1-ին պատմության մեջ երկրորդ անգամ զանգվածային հրթիռակոծության է ենթարկել Իսրայելը՝ դա անվանելով ինքնապաշտպանության գործողություն: Իսրայելցի զինվորականները հայտարարում են, որ արձակվել է մոտ 180 բալիստիկ հրթիռ, որոնց մեծ մասը հաջողվել է «որսալ»: Սոցցանցերում հրապարակած տեսանյութերն արձանագրել են Իսրայելի տարբեր շրջաններում արկերի ընկնելու հետևանքները։ Իսրայելական իշխանությունների տվյալներով` գնդակոծության հետևանքով երկրի քաղաքացիների շրջանում զոհեր չեն եղել։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում էին Գազայի հատվածում մեկ մարդու մահվան մասին։
Իրանը պնդում է, որ հրթիռները հարվածել են Իսրայելի ռազմական օբյեկտներին, Իսրայելն իր հերթին վնասը «նվազագույն» է անվանում։ Նրանք խոստանում են պատասխան հարված հասցնել, իսկ ԱՄՆ-ն` օգնության գալ իր գլխավոր մերձավորարևելյան դաշնակցին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ձախողել է Մերձավոր Արևելքում՝ լիակատար անզորություն դրսևորելով ճգնաժամերի լուծման հարցում։