«Իսակովի պողոտայում երեկ հրո ճարակ դարձած «Դոմուս» առևտրի սրահի սեփականատերը, որպես հասարակական նշանակության գործունեություն ու միաժամանակ նաև արտադրություն իրականացնող օբյեկտ, պարտավոր էր դիմել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` հրդեհային անվտանգության նորմերի ստուգում անցնելու համար, սակայն չի դիմել»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։
Ըստ զոհրաբյանի՝ տվյալ դեպքում ստուգում չանցկացնելը ավելի շատ թյուրըմբռնման հետևանք է եղել։ Զոհրաբյանի խոսքով՝ շենքը, որտեղ հիմա տեղակայված է հիշյալ խանութը, վաղուց կառուցված շինություն է եղել և ժամանակին Անշարժ գույքի կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել։
«Ավարտական ակտը տեսչական մարմինը տրամադրում է նոր կառուցված շենքերի դեպքում, որի հիման վրա շենքը իրավունք է ստանում պետական գրանցման դիմելու։ «Դոմուսի» այդ շենքն արդեն իսկ գրանցված է եղել, ու վերապրոֆիլավորվելուց, գործունեության տեսակը փոխելուց հետո չի դիմել տեսչական մարմին, որպեսզի հրդեհային անվտանգության նորմերի ստուգում իրականացվի»․-պարզաբանել է Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է պլանային ստւգումներին, տեսչական մարմինը հդեհից հետո էլ հայտնել էր, որ 2024թ-ի տարեկան ստուգումների պլանով «Դոմուսի» առևտրային և արտադրական օբյեկտների ամբողջ ցանցում ստուգումներ նախատեսված են այս տարվա 4-րդ եռամսյակում։
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝Գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով հոդվածի հատկանիշներով։ «Դոմուս» ընկերության վնասը, նախնական տվյալներով, կազմում է շուրջ 800 միլիոն դրամ։