Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն ինչ-որ տեղ ուշացած է։

Sputnik
Երևանի քաղաքապետարանը որոշել է բակային տարածքներից հեռացնել այն ավտոմեքենաները, որոնք երկար ժամանակ կայանված են ու չեն շահագործվում։ Ի դեպ, լքված ավտոմեքենաներ կան ոչ միայն բակային տարածքներում, այլև բանուկ փողոցներում։
Արտաքուստ շարքից դուրս եկած ավտոմեքենաներ կարելի է նկատել նաև կարմիր գծերի հատվածում։ Տարիներով չշահագործվող և տարբեր վայրերում կայանած ավտոմեքենաների տարհանման մասին քաղաքապետարաից ակնարկել էին դեռ ամիսներ առաջ ու խոստովանել, որ դրանց հեռացման դեպքում կարող են իրավական խնդիրներ առաջանալ։
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ լքված ավտոմեքենաները հեռացվում են փողոցներից ու բակերից և տեղափոխվում հատուկ պահպանվող տարածքներ։ Ըստ Խաչատրյանի` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունն ինչ-որ տեղ ուշացած է։