Թուրքական թեզերի «թավշյա փաթեթավորումը»

Հայաստանում գործող իշխանության ելույթները վերլուծելիս առաջանում է այն հաստատուն զգացողությունը, որ գործ ունենք ոչ թե պարզապես «թավշյա հեղափոխականների» քարոզչամեքենայի, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն առաջ մղող «փաթեթավորման» տեղեկատվական ծառայության հետ։
Sputnik
Ընդ որում, երկրի ապամոնտաժման անհրաժեշտությունը քաղաքացիների գիտակցության մեջ մտցվում է «խաղաղություն և բարգավաճում» կարգախոսներով։ Բայց հիմա հետաքրքիր է հետևել թուրքամետ նարատիվների «փաթեթավորման գործընթացի» տեխնոլոգիական բաղադրիչին։ Այն հետևյալ տեսքով է․ նախ, ադրբեջանական կողմը հրապարակավ ինչ-որ բացարձակ աննորմալ, հակահայկական և հակապետական պահանջ է առաջ քաշում, օրինակ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Իշխանության կողմից այդ պահանջն առաջին փուլում բանավոր մերժվում է։ Կառավարող խմբի ներկայացուցիչներն ամեն հարմար առիթով սկսում են ասել, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։
Այնուհետև սկսվում է ամենահետաքրքիրը, այն է՝ սոցցանցերում, հարցազրույցներում, բոլոր մեդիահարթակներում՝ թուրքական տեղեկատվական հինգերորդ շարասյան և իշխանամետ մեդիառեսուրսների կողմից (ի դեպ, դրանք հաճախ մեկ ամբողջություն են) Հայաստանի քաղաքացիների ուղեղների զուգահեռ լվացումը։
«Փաթեթավորման» երկրորդ փուլն այն է, որ իշխանամետ ռեսուրսները շանտաժ, վախ ու բարդույթներ են առաջացնում հայ հասարակության մեջ՝ զուգահեռ ասպարեզ նետելով թեզեր, թե «Սահմանադրության փոփոխության մեջ ոչ մի սարսափելի բան չկա», և ամեն ինչ արվում է հանուն «խաղաղության»։
Այնուհետև, ադրբեջանական պահանջները «փաթեթավորելու» եզրափակիչ ակտում հանդես է գալիս անձամբ ինքը՝ Փաշինյանը՝ մեջբերելով հաճախ բացարձակ անհեթեթ և միաժամանակ չափազանց պարզ «փաստարկներ»՝ որ «եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը հաշտության պայմանագիրը ճանաչում է հակասահմանադրական, ուրեմն պետք է փոխել երկրի Սահմանադրությունը»։ Ու վե՛րջ, Հայաստանի ոչնչացման հերթական ակտը «փաթեթավորված» է Հայաստանի հպարտ քաղաքացիների գիտակցության մեջ՝ որպես ընդունելի գործողություն։
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ իշխանությունը ոչ միայն նպաստում է Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը, այլև հանդես է գալիս որպես Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու գործընթացում Թուրքիայի և Ադրբեջանի շահերի անմիջական կատարող։
«Թավշյա» հայերի թուրք-ադրբեջանական արկածները Նյու Յորքում
Ի դեպ, փաշինյանական իշխանության կողմից «փաթեթավորման» հմտությունները հասել են այն մակարդակի, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը նրանք անվանում են «պայքար հանուն ինքնիշխանության», Հայաստանի անկախությունից փաստացի հրաժարվելը՝ «պայքար հանուն անկախության», իսկ Հայաստանի պետական շահերի անտեսումը՝ «պայքար հանուն պետականության»։
Ահա այսպես, համառորեն, լկտիաբար, խաբելով սեփական քաղաքացիներին, նրանք կառուցում են «իրական Հայաստան», որն իրականում «Արևմտյան Ադրբեջանի» ձևավորման սկիզբն է։