ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Գիրք-կոչ՝ արդարության և հանուն Ռուբեն Վարդանյան մարդու ազատության․ այս տողերով է բացվում հայր և դուստր Վլադիսլավ և Ալինա Գասումյանովաների հեղինակած «Ռուբենը» գիրքը, որը լույս է տեսել հայերեն թարգմանությամբ։ Ինչպես հեղինակներն են նշում՝ գրքի նպատակն է հիշեցնել մի մարդու մասին, որի շնորհիվ աշխարհն ավելի բարի դարձավ, հազարավոր մարդկանց կյանքը ՝ ավելի բարեկեցիկ։
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը՝ գրքի շնորհանդեսին
© Sputnik / Aram Nersesyan
«Մենք ուզում ենք, որ բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել Ռուբեն Վարդանյանի ճակատագրի վրա, մեր գիրքը կարդալով, լսեն ամենատարբեր երկրների ներկայացուցիչների, մասնագիտությունների, տարիքի, հասարակական դիրք ունեցող մարդկանց բազմաձայն կոչը․ «Խնդրում ենք՝ ազա՛տ արձակեք Վարդանյանին, նրան մի՛ զրկեք մարդկանց, երկրներին, մարդկությանն օգնելու հնարավորությունից։ Ռուբենը շատ է մաքառել անտարբերության դեմ։ Թող, ուրեմն, հաղթանակեն կարեկցանքն ու մարդասիրությունը»,- գրքի նախաբանն է ազդարարում։
Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը
© Sputnik / Aram Nersesyan
Գրքի խմբագիր Գնել Նալբանդյանն ասում է՝ գերագույն և գլխավոր ուղերձը մեկն է՝ հումանիստը չպետք է լինի կալանքի տակ, նա պետք է ազատվի գերությունից, որովհետև դա մեր դարաշրջանի մեծագույն անարդարություններից մեկն է։
Խմբագիր Գնել Նալբանդյանը
© Sputnik / Aram Nersesyan
Գիրքը Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու կոչ է, որպեսզի նա շարունակի մարդասիրական արժեքների պաշտպանությանը միտված հարյուրավոր ծրագրերը։ Խոսքը 700 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան յոթ հարյուր ծրագրերի մասին է, որից 202 միլիոն դոլարը բարերարը հատկացրել է հումանիտար նախաձեռնություններին, 20 միլիոն դոլարը՝ մշակույթի և մշակութային-պատմական ժառանգության պաշտպանությանը, 13 միլիոնը՝ գիտության, առողջապահության և ագրոէկոլոգիայի ոլորտներին։
Գրքում ներկայացված է Ռուբեն Վարդանյանի անձնական ներդրումը ռուսական բիզնես շուկայում, ռուսական ինովացիոն ծրագրերում, տնտեսվարման մոդելներում, ինչպես խմբագիրն է շեշտում՝ որպես արդար, արդյունավետ և մարդակենտրոն բիզնեսվարման մեթոդ։
Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը
© Sputnik / Aram Nersesyan
Ինչու՞ ամեն ինչի հասած ու ամեն ինչ ունեցող մարդը որոշեց դժվարին իրավիճակում տեղափոխվել Արցախ ու ստանձնել պետնախարարի պաշտոնը․ ըստ Նալբանդյանի՝ այս հարցի պատասխանն ընթերցողը կարող է գտնել գրքում։ Նա դա արեց՝ շատ լավ հասկանալով ռիսկերը, ինչ հետևանքներ կարող է ունենալ իր քայլը, բայց որոշեց, որ չի կարող անմասն մնալ իր հայրենակիցների խնդիրներից։
Շեշտում է՝ հեղինակները գրելիս բավականին զգույշ են եղել իրենց խոսքերում՝ ընդհանուր գործին չվնասելու համար։
Գրքի թարգմանիչ Նարինե Կռոյանն անկեղծանում է՝ սկսեց թարգմանությունը որպես սովորական աշխատանք, բայց աստիճանաբար թարգմանությունը սկսեց բարդանալ, որովհետև արդեն հույզերը խանգարում էին։ Ասում է՝ իրականում կյանքում Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթ չի եղել, բայց միշտ հետևել է նրա գործունեությանը։
Թարգմանիչ Նարինե Կռոյանը
© Sputnik / Aram Nersesyan
Շատ տպավորված է գրքի վերջում նկարագրված մի տեսարանով։ Երբ արդեն պետնախարար չէր, ամեն առավոտ արթնանում ու գնում էր Հակոբավանք, ավելը վերցնում ու մաքրում էր տարածքները, թափված քարերն էր հավաքում։
«Տղաներին ասում էր՝ ինչքան կարող ենք՝ մեր երկիրը պետք է մաքուր պահենք, կարգին պահենք մեր եկեղեցիները, որ Աստված մեզ էլ հիշի»,- ասում է թարգմանիչը։
Ինչու՞ ստանձնեց ծանրագույն պատասխանատվություն․ թարգմանչի համար պատասխանը միանշանակ է՝ Ռուբեն Վարդանյանը չէր կարող միայնակ թողնել այդ ծանր պահին այն ժողովրդին, որին սիրում է։ Դա նրա ընտրությունն էր, որոշումն ու առաքելությունը․․․
Презентация книги издательского дома "НьюМэг" "Рубен" (7 октября 2024). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ գիրքը հայերեն թարգմանությամբ հրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը։