ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր ժամը 11:05-ից 12:00-ը Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024-ի ժամանակ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման ընդհատում:
Ինչպես հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, նախնական տվյալներով պատճառը «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից համալիրը սնող երկու մալուխների վնասումն է:
«ՀԷՑ» մասնագիտական խումբն աշխատում է վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
«Վթարի պատճառների և իրականացվող աշխատանքների մասին առավել մանրամասն տեղեկատվությամբ հայտարարությամբ հանդես կգանք ավելի ուշ»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ WCIT 2024 Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվում է Երևանում հոկտեմբերի 4-7-ը։ Երեք օր Մարզահամերգային համալիրում անց են կացվում Արհեստական բանականության և դրա կիրառության վերաբերյալ պանելային քննարկումներ ու ելույթներ միջազգային հեղինակավոր մասնագետների մասնակցությամբ։ Համաժողովի այս տարվա խորագիրն ՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում»։