ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Իրանի խորհրդարանում մշակվում է «Դիմադրության դաշնագրի» նախագիծը, որը նախատեսում է մի շարք երկրների և շարժումների հետ համախմբում և ռազմական ու տնտեսական օգնության ցուցաբերում, ինչպես նաև ԱՄՆ-ի կամ Իսրայելի հնարավոր հարձակման հետմղում: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։
Փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների համակարգման և զորավարժությունների անցկացման նպատակով օպերատիվ շտաբի ստեղծում: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը պատասխանատու է պարտականությունների բաշխման և փաստաթղթում նշված ծրագրի իրականացման համար: Հենց տվյալ մարմինն է քննարկելու «Դիմադրության դաշնագրին» միանալու հայտերը։
«Պայմանագիրն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության տրամադրմանը և միասնական ռազմական ենթակառուցվածքի ստեղծմանը՝ Իսրայելի և արևմտյան երկրների սպառնալիքներին հակազդելու համար»,– նշում է լրատվամիջոցը:
Հաղորդվում է նաև, որ դաշնագիրը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի վերջնական լրամշակումից հետո:
Նշենք, որ Իրանը «Դիմադրության առանցք» է անվանում լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, Եմենի «Անսար Ալլահ» հութիական շարժումը և «Իրաքի իսլամական դիմադրությունը»: