ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Մոսկվա ՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Արտգործնախարարների նիստը կանցկացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ հոկտեմբերի 8-ին նախատեսված նիստին ընդառաջ:
Արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի արդիական հարցերի և ԱՊՀ ձևաչափում փոխգործակցության շուրջ: Ընդլայնված ձևաչափով մասնակիցները կքննարկեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին հայտարարությունը:
Որոշումներ կընդունվեն նաև 2025 թվականի միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2025-2026 թվականների միջոցառումների, ինչպես նաև 2024-2025 թվականների միջոցառումների ծրագրի վերաբերյալ, որոնք նվիրված են Աշխաբադը նոր մարզական հնարավորությունների քաղաք հռչակելուն:
Բացի այդ, հանդիպմանը կհաստատվի փաստաբանական գործունեության, ԶԼՄ-ների և կամավորության ոլորտներում չորս նոր բազային կազմակերպությունների ստեղծումը:
Հիշեցնենք` ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նախորդ նիստը անցկացվել է 2024 թ. ապրիլի 12-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հայկական կողմն այդ հանդիպմանը ներկայացնում էր փոխախարար Մնացական Սաֆարյանը։