Ամեն ինչն է մեզ մոտ ծայրահեղ թանկ։ Չկա մի բան, որ ՀՀ–ում արտասահմանից էժան լինի. Հարություն Մնացականյան

Sputnik
ՀՀ–ում աճեցված նեկտարինը Ռուսաստանի սուպերմարկետներում արժե 840 դրամին համրժեք ռուբլի, իսկ Հայաստանի սուպերմարկետներում գրեթե կրկնակի թանկ` 1450 դրամ. Օրեր առաջ արձանագրել էր գործարար Հարություն Մնացականյանը` ֆեյսբուքում հայտնելով հայաստանյան շուկայի թանկության նկատմամբ իր զարմանքը։
Նեկտարինն, ի դեպ, միայն մեկ օրինակն է, բայց իրականում միակ ապրանքը չէ, որ Հայաստանից Ռուսաստան հասնելով թանկանալու փոխարեն էժանանում է։
«Ամեն ինչն է մեզ մոտ ծայրահեղ թանկ։ Չկա մի բան, որ մեզ մոտ արտասահմանից էժան լինի։ Լինի դա պտուղ–բանջարեղեն, մսամթերք, թե հյուրանոց, վարձով տուն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Մնացականյանը։
Թերևս հենց այս անբացատրելի իրողությունների պատճառով էլ Հայաստանն ու հատկապես մայրաքաղաք Երևանը 2022թ.-ից դարձան մեր տարածաշրջանի ամենաթանկ երկիրն ու քաղաքը, և մինչ օրս պահպանում են այդ կարգավիճակը` հարուցելով օտարների տարակուսանքն ու տեղացիների դժգոհությունը։