ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սրբազան շարժման մասնակիցները Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո երթով գնալու են Սահմանադրական դատարան։ Այս առաջարկով հանդես եկավ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա նաև հորդորեց դատարանի մոտ գալ նախկին ու ներկա դատավորներին։
Ընդգծեց, որ գնալու են ՍԴ` հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։
«Այդ դատավորները կոչված են պետականությունն ու Սահմանադրությունը պաշտպանելու։ Մենք նրանց հնարավորություն կտանք ազատագրվել ծառայամտությունից։ Մեր հետագա քայլերն ու գործողությունները միտված են լինելու այս չարիքի իշխանության հետ համագործակցող անհատների և կառույցների ներգրավումը դադարեցնելուն»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով` ՀՀ վարչապետը ցանկանում է, որպեսզի և՛ Սահմանադրական դատարանը, և՛ դատախազությունը, և՛ առհասարակ իրավապահ համակարգը հանցակից դարձնի իր գործողություններին։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի իր որոշմամբ վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։