Նոր Հաճնի կամուրջը ևս 1 ամիս կշարունակի փակ մնալ

Նոր Հաճնի կամուրջը
Ավելի վաղ հայտարարվել էր, որ կամուրջի երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչևհոկտեմբերի 6-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մինչ այդ առանց կցորդի մեքենաները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով մեքենաները՝ Կարենիս-Չարենցավան–Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։
«Ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Ներկայում արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ կամուրջի երթևեկությունը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի մինչևհոկտեմբերի 6-ը։
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի վերջից հայտարարվեց Հրազդանի կիրճի վրայով անցնող Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգման մասին։ Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կամուրջը երկհարկանի է, ստորին հարկով անցնում է երկաթուղին, իսկ վերին հարկով՝ ավտոճանապարհը։
Նշենք, որ կամրջի ամբողջ երկարությունը 640 մ է, լայնությունը` 14,5 մ: Կամրջային անցումը բաղկացած է աջափնյա և ձախափնյա էստակադաներից, մետաղական թռիչքային կառուցվածքից: Կամրջի բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121 մ է: