ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վստահ է` անկախ տարբեր խոչընդոտներից, Հանրային հեռուստաընկերությունում իրենք հասել են հաղթանակի։ Այս մասին սրբազանն ասաց Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկող հանրահավաքից առաջ լրագրողներին տված ճեպազրույցում` անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությունում իր հղած ուղերձին և դրա շուրջ տարբեր կարծիքներին։
Հայտնել էինք, որ Սրբազան շարժման մասնակիցները հոկտեմբերի 2–ին Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքից հետո երթով հասան Հանրային հեռուստաընկերություն` պահանջելով ուղիղ եթեր։ Նրանց սկզբում դիմավորեց ոստիկանական խիտ պատնեշը, ապա ընդառաջ դուրս եկավ հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն` առաջարկելով հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ։ Հանրայինի` 25–րոպեանոց ուղիղ եթերի ժամանակ Բագրատ սրբազանը հանդես եկավ 12 րոպեանոց ուղերձով, իսկ ապա նույն տևողությամբ հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։
«Մենք խնդիր էինք դրել Հանրային հեռուստաընկերությունով ուղիղ եթերում հանդես գալ և դա արել ենք` անկախ բոլոր խոչընդոտներից, ոստիկանների շարքերից, ոստիկանապետի պահվածքից։ Ուղերձում այն ինչ ես ասել եմ, շատ հստակ է, շատ պարզ, բայց փոքր քայլերով արված հաղթանակից հետո շատերն ակտիվացան ու սկսեցին խոհափիլիսոփայել։ Սիրելիներս, դաշտը բաց է, բայց խնդիրն այստեղ այլ է` մենք ուզո՞ւմ ենք հայրենիք ունենալ, թե՞ ոչ»,– ասաց սրբազանը։
Խոսելով մեղադրանքների մասին, թե որևէ հարցի պատասխան չի ունեցել, այդ պատճառով էլ հրաժարվել է հարցազրույց տալ, Բագրատ արքեպիսկոպոսը շեշտեց` ինքն այնտեղ հարցազրույց տալու չի գնացել, ոչ էլ իրեն այդ ձևաչափով էին հրավիրել։ Ընդգծեց` իր նպատակը հարցազրույցը չի եղել, եթե այդպես լիներ ու ինքը որևէ հարցի չպատասխաներ, ապա մարդկանց դիտարկումներն ու վրդովմունքը տեղին կլիներ։
Սրբազանը նշեց, որ իրենց գործունեության մեջ շարունակականություն կա, անելու են քայլեր, որոնց շնորհիվ փոքր–փոքր արդյունքներ կլինեն և ի վերջո լայն հասարակությանը հասանելի կդառնան։
Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունը տարված է հանցավոր անտարբերությամբ կամ անտարբեր հանցագործությամբ։ ՀՀ կառավարությունը զբաղված է տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով։