Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ծեծկռտուք, կրակոցներ են եղել. կան վիրավորներ

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Վիճաբանության արդյունքում 2 անձ տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի գերեզմանատան հարևանությամբ վիճաբանություն է տեղի ունեցել նախկին խնամիների միջև, որը վերաճել է ծեծկռտուքի, հնչել են փոխադարձ հայհոյանքներ, կրակոցներ։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։
Վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։
«Վիճաբանության մասնակիցներից մեկը` Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ավդոյանը, դեպքից հետո զանգահարել է ոստիկանություն և հայտնել է, որ իր նախկին խնամիների հետ վատ հարաբերություն ունենալու պատճառով կռիվ է սկսվել ու Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Թոռուն Օզմանյանը ինքնաձիգից կրակոց է արձակել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները Սամվել Ավդոյանի մատնանշած վայրում հրազեն կամ հրազենի նմանվող առարկաներ, կրակոցի հետքեր ու պարկուճներ չեն հայտնաբերել»,– գրում է կայքը։
Պարզվել է, որ առավոտյան Ս․ Ավդոյանը Երասխահուն գյուղում գտնվող եզդիների գերեզմանատանը իր 2 տղայի` Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Քյարամ Ավդոյանի և 24-ամյա Արման Ավդոյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Թ․ Օզմանյանի ու նրա հարազատների հետ։ Մոտ 15 րոպե ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ։
Ըստ նախնական տեղեկությունների` դրա արդյունքում Թ․ Օզմանյանի մայրը` Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա Բասե Օզմանյանը, «գանգուղեղային վնասվածք, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ, իսկ Ա․ Ավդոյանը ստացել է ձախ քունքային հատվածի վնասվածք։
Այդ ժամանակ էլ Ս․ Ավդոյանն իրավապահներին հայտնել է, որ ծեծկռտուքի ժամանակ Թ․ Օզմանյանն իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել իր ուղղությամբ։ Ոստիկանները հայտնաբերել են Թ․ Օզմանյանին, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն, որտեղից նրան ներկայացրել են քննչական վարչություն։
Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։