Մի՛ վախեցեք խոսել խնդիրներից. ԿԳՄՍ նախարարի ուղերձը ուսուցիչներին

Ըստ նախարարի` դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Երեխաներին սովորել սովորեցնելու համար առաջին հերթին ինքներս պետք է ընդունենք, որ սովորելու կարիք ունենք ամեն օր, ամեն վայրկյան։ Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։ Հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Դպրոցի և ուսուցչի առաջնային դերն է ոչ միայն և ոչ այնքան գիտելիքը փոխանցելը, այլև մտածել սովորեցնելը, տեխնոլոգիաների և տեղեկատվական հոսքի հետ առնչվելու հիմնային հմտությունները փոխանցելը, իրականության բարդ և բազմաշերտ խնդիրների մասին որակյալ ու փաստարկված քննարկման միջավայր ստեղծելը»,– ասված է ուղերձում։
Ըստ նախարարի` դպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ, որովհետև խոսակցության արգելքը մտքի արգելք է, այն մտքի, որը երեխաների մոտ զարգացնելու կարիքն ունենք, իսկ փակ դռները փակում են երեխաների առաջ գնալու ճանապարհները։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության նոր հանրային համաձայնագիրը պետք է լինի համաձայնությունն ու հանձնառությունը՝ ապահովել որակյալ կրթություն երկրի բոլոր բնակավայրերում՝ չհանդուրժելով միջակությունն ու անորակությունը։
«Նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց վերանայվում է շաբաթական դասավանդման ժամերի թիվը՝ հնարավորություն տալով ժամանակ ազատել դասերի նախապատրաստման, սովորողների գնահատման համար, որը ուսուցիչների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիր էր, և այժմ արդեն լուծվում է»,– ասել է նա։
Տոնդ շնորհավոր, ուսուցի՛չ. 94-ամյա աշակերտի և 101-ամյա ուսուցչուհու հանդիպումը 70 տարի անց
Նախարարը խոսել է ուսուցիչների բարձրաձայնվող մյուս խնդրի մասին էլ, որը վերաբերերում է դասարաններում սովորողների առավելագույն թվի սահմանափակմանը ու խոստացել է, որ այդ խնդիրը նույնպես շուտով կլուծվի։
Նա հորդորել է ուսուցիչներին այսուհետ ևս չվախենալ խոսելու խնդիրներից ու բարձրաձայնելու մտահոգությունները։
Հիշեցնենք` այսօր Ուսուցչի միջազգային օրն է։ Այն նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում` սկսած 1994 թվականից։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1966 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» փաստաթուղթը, որը եղել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը։