ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) շարունակում են իրենց դիրքերում մնալ Հարավային Լիբանանում, չնայած Իսրայելի բանակի՝ մի շարք բնակավայրերից տեղափոխվելու խորհուրդներին: ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով UNIFIL-ին, այս մասին հայտարարել է խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ իսրայելական կողմը խաղաղապահ ուժերին խորհուրդ է տվել վերատեղակայվել Հարավային Լիբանանի որոշ դիրքերից:
«Խաղաղապահները մնում են բոլոր դիրքերում, և ՄԱԿ-ի դրոշը շարունակում է ծածանվել։ Մենք պարբերաբար շտկում ենք մեր գործողությունները, և արտակարգ իրավիճակի համար գործողությունների ծրագիր ունենք։ Մենք կօգտագործենք այն, եթե անհրաժեշտություն առաջանա»,-ասել է Տենենտին:
Իսրայել–Լիբանան հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի Ռազմաօդային ուժերի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։