ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. «Խաղաղության պայմանագիր» պայմանական անունը ստացած փաստաթղթի նախագիծն իրականում ոչ թե փաստաթուղթ է, այլ դիվանագիտական գործընթաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը` անդրադառնալով բանակցվող առարկայի շուրջ գաղտնիության ու թվացյալ թափանցիկության հարցին։
«Ես երբեք ո՛չ այդ փաստաթղթից հոդվածներ եմ տեսել, ո՛չ կարդացել եմ։ Իհարկե, կուլիսային ինչ–որ խոսակցություներ կան, բայց մենք տեղեկացված ենք այնքանով, որքանով վարչապետը կամ ԱԳՆ–ն ինչ–որ բաներ ասում են։ Ուղղակի գիտենք, որ պետք է լինեն սկզբունքներ, որոնք պետք է արտահայտված լինեն այդ պայմանագրում։ Օրինակ` արդյոք այդ փաստաթղթում կա ռեպարցիայի վերաբերյալ կետ։ Եթե չկա, դա խնդրահարույց է։ Սա դեռ փաստաթուղթ չէ ։ Խոսքը բանակցությունների մասին է։ Սա դիվանագիտական, քաղաքական գործընթաց է»,– նկատում է Ղազարյանը։
Խորհրդարանական ընդդիմությունն անցած շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամին երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջ բարձրացրեց խաղաղության պայմանագրի բովանդակությանը ծանոթանալու խնդիրը։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են նույնիսկ դիմել դատարան` պարզելու, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։ Փաշինյանն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ինքն է արգելել և լավ է արել։
Նա նաև պնդեց, որ տարբեր առիթներով պայմանագրի բովանդակությունը բացահայտել է մարդկանց հետ մարզային հանդիպումների և քննարկումների ժամանակ։ Բայց տեքստը հրապարակելը, ըստ նրա, «դիվանագիտական կոռեկտության խնդիր է»։
Ինչ վերաբերում է գործընթացի գաղտնիությանը, Արա Ղազարյանը նշում է, որ բանակցություների առարկան կարող է գաղտնիք հանդիսանալ միայն օրենքի հիմնավորմամբ, եթե տվյալ փաստաթութը կամ նախագիծը ներառված է տվյալ գերատեսչության գաղտնի փաստաթղթերի ցանկում։ Հակառակ դեպքում դա կնշանակի, որ պաշտոնատար անձինք օրենք են խախտում։
Բանակցային պայմանավորվածությունների գաղտնիությունը, Արա Ղազարյանի գնահատմամբ, ներկա պահին իրավաչափ է, քանի որ դրանով երաշխավորվում է բանակցային գործընթացի ապահովությունը։
«Ի վերջո, միևնույն է, վաղ թե ուշ հանրային վերահսկողությունն աշխատելու է, որովհետև այդ պայմանագիրը պետք է մի օր մտնի ՍԴ, և ոնց էլ լինի, հասարակությունը տեղեկացված է լինելու դրա մասին։ Իսկ բանակցությունները, որը և՛ դիվանագիտական աշխատանք է, և՛ քաղաքական գործընթաց է, իմ կարծիքով` դրա գաղտնիությունն օրենքով ապահովված է»,– կարծիք է հայտնում Ղազարյանը։
Հիշեցնենք` համաձայնագրի համաձայնեցված դրույթներից առ այսօր հայտարարվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին։
Հոկտեմբերի 2-ին ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պայմանագրի ստորագրումից հետո կստեղծվի հայ–ադրբեջանական համատեղ հանձնաժողով՝ դիտարկելու համար խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը։
Նկատենք նաև, որ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթուղթը մինչ օրս պայմանականորեն անվանվում է «Խաղաղության պայմանագիր»։ Մինչդեռ սեպտեմբերի 26-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակում տեղի ունեցած Միրզոյան–Բայրամով հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ առաջին անգամ շրջանառվեց ««Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիր» անվանումը։