Կարևորը՝ թույլ չտալ, որ քեզ օգտագործեն ՌԴ-ի դեմ. Սաֆրանչուկը՝ Երևանի պահվածքի մասին

Իվան Սաֆրանչուկ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի քաղաքականության բնորոշ առանձնահատկություններից մեկն այն է, որ այն, սեփական նախաձեռնությամբ, երբեք չի գնում էսկալացիայի և սրման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում առկա դժվարությունները կարելի է շտկել և կարգավորել, եթե Երևանը Ռուսաստանին որպես կարևորագույն քաղաքական և ռազմավարական գործընկեր փոխարինելու նպատակով կտրուկ քայլերի չդիմի: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել МГИМО–ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրաասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իվան Սաֆրանչուկը։
Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանը որոշ՝ նույնիսկ շատ մոտ դաշնակիցների հետ հարաբերություններում որոշակի «զիգզագներ» ուներ. բավական է հիշել Բելառուսը: Մոսկվայի և Մինսկի միջև որոշակի ժամանակահատվածներում եղել են չափազանց բարդ հարաբերություններ, որոնք ուղեկցվել են փոխադարձ մեղադրանքներով, տեղեկատվական արշավով և կտրուկ հռետորաբանությամբ։ Եղել են նաև իրավիճակներ, երբ այս կամ այն գործընկերոջ հետ հարաբերություններում ամեն ինչ բավականին լավ էր ընթանում, բայց հետո ամեն ինչ փլուզվում էր՝ ինչպես, օրինակ, Վրաստանի կամ Ուկրաինայի հետ։
«Կարելի է ենթադրել, որ Հայաստանն իրեն պատուհասած ազգային ողբերգության պատճառով որոշակի դադար է վերցնում ռազմաքաղաքական հարցերի շուրջ և այդ պարադիգմում որոշ ժամանակով նվազեցնում է ակտիվությունը։ Դա հեռանկարում որոշակի նույնիսկ հնարավորություն է ստեղծում հարաբերությունները դրական ուղղությամբ փոխելու համար։ Թարմ օրինակ է Վրաստանը, որն ավելի քան 10 տարի գտնվում է աշխարհաքաղաքական հարթ հետագծի վրա։ Նա ակտիվ աշխարհաքաղաքական խաղից դուրս եկավ Սաակաշվիլիի հեռանալուց հետո, որից հետո աստիճանաբար վերականգնվում են տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, և հետագա լիարժեք նորմալացումը հիմա անհնարին բան չէ», - ասում է փորձագետը։
Սաֆրանչուկը կարևոր գործոն է համարում նաև հասարակական միտումները Հայաստանում։ Հակառուսականությունը չի կարելի վերագրել միայն կառավարությանը, ակնհայտ է, որ դրանք կան նաև հասարակության մեջ։ Այս դեպքում կարելի է խոսել երկու տարբերակի մասին՝ կառավարությունը հաշվի է առնում այդ տրամադրությունները կամ խթանում է դրանք, խաղում է դրանց հետ, իսկ հետո օգտագործում է իր քաղաքական կուրսի արդարացման համար։
«Խոսակցություններ այն մասին, թե՝ եկեք Ռուսաստանը փոխարինենք ԱՄՆ-ով կամ Ֆրանսիայով, մեծ հաշվով, կան նաև հասարակության մեջ։ Դա, իհարկե, շատ մեծ անորոշություն է ստեղծում, մասնավորապես Մոսկվայի հետ երկխոսության ընթացքում։ Բայց որքան ես հասկանում եմ ռուսական քաղաքականության ոճը, Մոսկվան ոչ մի տեղ սեփական նախաձեռնությամբ սրացման չի գնում։ Եվ այս փաստը նույնիսկ շատ ռուս և արտասահմանցի փորձագետների համար Մոսկվային կշտամբելու առիթ է, թե ինչու է նա իրավիճակը հասցնում ինչ-որ եռման կետի և միայն դրանից հետո դիմում վճռական գործողությունների։ Բայց ընդհանուր առմամբ, քանի դեռ իրավիճակը շտկելու հնարավորություն կա՝ Ռուսաստանը փորձում է օգտվել դրանից», - ավելացրեց Սաֆրանչուկը:
Ռուսաստանը ցավում է ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեության շարունակական սառեցման համար
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչն է ամենից շատ առաջացնում Ռուսաստանի մերժումն ու բացասական արձագանքը։ Եվ նման արձագանք հարուցում է իրավիճակը, երբ ինչ-որ մեկը խաղում է ոչ թե սեփական, այլ՝ արտաքին խաղացողների շահի համար:
«Նույն Սաակաշվիլին ոչ թե իր համար էր խաղում,այլ գործում էր բացառապես ամերիկացիների հետ։ Կամ թե՝ Ուկրաինայի «նարնջագույն» իշխանությունները խաղացե՞լ են Ուկրաինայի համար։ Նրանք ուկրաինական հարց էին ներքաշում օտարի օրակարգը։ Սա երկար տարիներ է տեղի է ունեցել՝ Զելենսկու օրոք հասնելով ծայրահեղ ձևերի։ Հենց դա էլ մերժում է առաջացնում։ Եթե դուք ունեք ձեր սեփական շահերը, ապա եկեք փորձենք դրանք համադրել մեր շահերի հետ․ ինչ-որ տեղ դուք եք շահում, ինչ-որ տեղ՝ մենք։ Դա տարածաշրջանում միմյանց շահերը հարգելու ունակությունն է, որը թույլ է տալիս փոխզիջումներ գտնել: Իսկ եթե այդտեղ փոխզիջումներ կան, ապա արտաքին խաղացողներ էլ պետք չեն», - ասում է Սաֆրանչուկը։
Հայաստանի պարագայում իրավիճակն այնպիսին է, որ ամենից շատ տուժած կողմը փորձում է հրապուրել մյուս գործընկերներին, և բոլորին է հայտնի, որ այլ վայրերում, որտեղ ներկա են այդ «գործընկերները», տասնամյակներ շարունակ ողբերգություններ են ձգվում։ Նրանց միշտ պետք են տուժողներ։ Ուստի Ռուսաստանը ձգտում է ոչ թե սրել տարածաշրջանային հարաբերությունները, այլ հակամարտությունների լուծում գտնել։
Նշենք, որ 2022 թվականի վերջից երկու ռազմավարական դաշնակիցների հարաբերությունները բավականին լարված են։ Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը իր անվտանգությունն ապահովելու ցանկության կամ անկարողության մեջ, նվազագույնի է հասցրել քաղաքական երկխոսությունը, հայտարարել Է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին: Իսկ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, հայտարարեց, որ երկիրը մոտենում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «չվերադարձման կետին» և մեղադրեց կազմակերպությանը «Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիքներ» ստեղծելու մեջ։